Եզդիների կրթամշակութային կյանքը Հայաստանում ակտիվանում է
«Եզդիերեն գրքերը մեզ լուսավորություն են բերելու: Մենք լուսավորություն ենք ուզում տարածել, բոլոր եզդիները պետք է լիարժեք տիրապետեն իրենց մայրենի լեզուն» - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությամբ եզդիների համար մայրենի լեզվի դասագրքերի լույս տեսնելուն, ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Ա. Թամոյանի համոզմամբ՝ առաջին անգամ է, որ եզդիների կրթա-մշակութային կյանքը ակտիվանում է իրենց 2-րդ հայրենիքում՝ Հայաստանում, և նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ հրատարակվել են եզդիերեն այբենարան, ինչպես նաև մինչև 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված դասագրքեր, իսկ ուսուցման ծրագիրն այս տարի ամբողջությամբ ներդրվել է եզդիական դպրոցներում:
Նրա խոսքով, ըստ կրթության և գիտության նախարարության հետ ունեցած պայմանագրերի, պետք է հետագայում հրատարակվեն 10 և 11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքեր: Ա. Թամոյանը գոհունակություն հայտնեց, որ 37 գյուղերում դասավանդվում են եզդիերեն լեզուն, պատմությունը, մշակույթը: Միևնույն ժամանակ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի 93 գյուղերի եզդի աշակերտները ևս նման հնարավորություն ունենան:
Աշխարհի եզդիների միության նախագահն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, կառավարությանը և ՀՀ նախագահին՝ եզդիներին աջակցելու և օժանդակալու համար: Ա. Թամոյանը ընդգծեց հայերի և եզդիների միջև դարավոր անկեղծ բարեկամության փաստը և որ երկու ժողովուրդների պատմության էջերում որևէ սև էջ չի արձանագրվել:
«Իմ հրամանատարությամբ 500 եզդիների հետ միասին մասնակցել ենք Ղարաբաղյան պատերազմին: Ունեցել ենք 30-ից ավելի զոհ: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք հայրենիքին: Նույն պատրաստակամությամբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 100 հոգով կազմակերպեցինք և տասնյակ հայրենակիցների օգնեցինք դուրս բերել փլատակների տակից»,- նշեց Ա.Թամոյանը՝ հավելելով, որ Հայաստանում երբեք եզդիները որևէ խորթություն չեն տեսել, և միշտ երկու ժողովուրդներով օգնել են միմյանց:
0 comments:
Post a Comment