Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշում է իր հիմնադրման օրը:
Երեւան անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երեւան քաղաքը։ Երեւանը 2794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից եւ 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Մայրաքաղաքի ծննդյան օրվա առաջին տոնակատարությունը՝ “Էրեբունի-Երեւան” խորագրով անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց “Էրեբունի-Երեւան” օրհներգը։
Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երեւանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց “Էրեբունի”, բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց “Էրեբունի” գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում:
Էրեբունի-Երեւանի 2794-ամյակին նվիրված տոնակատարությունն այս տարի անցկացվելու է “Իմ սրտի մայրաքաղաք” խորագրի ներքո: Այն մեկնարկել է հոկտեմբերի 9-ից, իսկ արդեն հոկտեմբերի 14-ի միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ին` Երեւանի փողոցների ջրցան մեքենաների շքերթով, այնուհետ նախատեսվում է քաղաքի հուշարձանների լվացում: Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակում ժամը 12:00-12:30 նախատեսված է թատերականացված ներկայացում, որին կհաջորդի հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ` թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ:
Ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում “Անգլիական այգում” կգործի մանկական բեմ, որտեղ կլինեն տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, որոնք կվարեն ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթային հերոսներ: Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում նախատեսված է Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, Բիենալե` Ֆրանսիայի հրապարակում, Հյուսիսային պողոտայում կանցկացվեն “Սթրիթբոլ”-ի մրցումներ, կլինեն թատերական, կրկեսային եւ պոեզիայի բեմեր:
Նախատեսված է նաեւ Մարաթոնյան վազք, հեծանվավազք, ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ: Աշխարհի ազգերի բեմ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթները կատարումներով հանդես կգան “Անգլիական այգում”, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարեւանությամբ, տարբեր երժշտական ճաշակ ունեցողների համար կլինեն ռոք, ջազ, դասական եւ ազգային երաժշտության համերգներ:
Գլխավոր միջոցառման գլխավոր մասը Հանրապետության հրապարակում է. երեկոյան մայրաքաղաքի սրտում կանցկացվի Գալա համերգ եւ կլինի տոնական հրավառություն, այնուհետ` նաեւ դիսկոտեկ: Միջոցառումների անցկացման համար կհատկացվի 90 մլն դրամ: Տոնակատարությունն անխափան անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի Փոքր կենտրոնում մեքենաների հոսքը 08:30-ից կդադարեցվի, իսկ Երեւանի մետրոպոլիտենն այսօր կգործի մինչեւ 01:00-ն:
0 comments:
Post a Comment