English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Saturday, August 18, 2012

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔԸ ԻՐԱՔՈՒՄ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔԸ ԻՐԱՔՈՒՄ


Բորիս Թամոյան

Օգոստոսի 14-ին լրացավ Իրաքում 1000 եզդիների զանգվածային սպանդի 5-ամյակը, որտեղ հալածանքները դեռ շարունակվում են, իսկ հետեւանքըՙ 500.000 եզդի այժմ արտագաղթում է իր պատմական բնօրրանից, որի մասին «Ազգ» -ի հետ զրույցում ասաց «Սիջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը եւ հավելեց. «Քրդական իշխանությունների նպատակն է Իրաքի եզդիաբնակ տարածքները դատարկել եզդի ազգաբնակչությունից, քանի որ այդ տարածքների եզդիներով բնակեցված լինելը «խանգարում» է քրդերի տնտեսական եւ քաղաքական շահերին: Իրաքում եզդիները զրկված են ամենաանհրաժեշտ իրավունքներից, անգամ դատարանում վկայի դերում չեն կարող հանդես գալ, քանի որ ըստ իրաքյան սահմանադրության` վկան պարտադիր պետք է երդվի Ղուրանի վրա, իսկ եզդիները, ինչպես հայտնի է, մուսուլման չեն: Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները եզդիներին ստիպողաբար գրանցում են որպես քուրդ»: «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը դատապարտում է քրդերի նման գործողությունները եւ պահանջում հարգել եզդիների իրավունքները:

Նշենք, որ 2007 թվականին օգոստոսի 14-ին Հյուսիսային Իրաքի երկու եզդիաբնակ գյուղեր հարձակման ենթարկվեցին քուրդ ահաբեկիչների կողմից: Ահաբեկչության հետեւանքով զոհվեցին 1000 ազգությամբ եզդիներ, այդ թվումՙ կանայք եւ երեխաներ, վիրավորվեցին 1500-ը:

Բ. Թամոյանը «Ազգ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայաստանում անտարբեր չեն լինի. «Իրաքում եզդիների համար այս անտանելի վիճակի դեմ պետք է պայքարի քաղաքակիրթ աշխարհը: Նման վայրագությունների վրա աչք փակելը բերում է ավելի մեծ դժբախտությունների, ինչպիսին հայերի կոտորածն էր Օսմանյան Թուրքիայում»: Ընդգծենք, որ «Սիջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ կուսակցություններին, որոնցից, ինչպես Բորիս Թամոյանը հաղորդեց, արձագանքել է միայն «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը իր Facebook սոցցանցի էջում` հետեւյալ գրառմամբ. «Շուրջ 50.000 եզդիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ ունեն բոլոր իրավունքները մեր պետության կողմից իրենց շահերը պաշտպանելու, այդ թվումՙ Հայաստանի տարածքից դուրս, արտաքին գերատեսչության խողովակներով: Տարիներ շարունակ Իրաքի հյուսիսում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների իրենց ազգային, կրոնական պատկանելության համար: Սա մի յուրահատուկ «սպիտակ» եղեռն է, ավելի քան 500.000 եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը:

Եզդիների իրավունքներն առաջին հերթին խախտվում են նորաստեղծ Քուրդիստանի ղեկավարության կողմից: Քրդական իշխանությունների նպատակն է արտաքսել բոլոր եզդիներին եզդիաբնակ քաղաքներից ու գյուղերից: Կարծում եմ հանձինս եզդիների Հայաստանը ոչ միայն ունի լավ քաղաքացիներ իր սահմաններից ներս, այլեւ կարող է ձեռք բերել վստահելի եւ հավատարիմ դաշնակից իր սահմաններից դուրսՙ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Իրանում եւ Վրաստանում եւ Ռուսաստանում: Սակայն դրա համար անհրաժեշտ է սրտացավ եւ հոգատար վերաբերմունք տարածաշրջանի այս հինավուրց ժողովրդի հանդեպ: Հայաստանի Հանրապետությունը պետք է գործադրի բոլոր ջանքերըՙ թույլ չտալու համար, որ Հյուսիսային Իրաքը ամբողջապես դատարկվի եզդիներից»:

Բ. Թամոյանը անդրադարձավ նաեւ եզդի ժողովրդի հանդեպ պարբերաբար կրկնվող հալածանքներին, որը 2003 թ.-ից ավելի դաժան եւ մեծ ծավալ է ստացելՙ 2003 թվականին ազգությամբ եզդիներին թույլատրվում էր ընդհանուր շուկաներից առեւտուր կատարել եւ օգտվել հանրային նշանակության օբյեկտներից` հատուկ սահմանված ժամերի: 2007 թվականի ապրիլի 23-ին քուրդ ծայրահեղականները, Հյուսիսային Իրաքում, Մոսուլ քաղաքից ոչ հեռու, կանգնեցնելով բանվորական ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդի 23 ուղեւորի եւ տեղում գնդակահարել` ազգային պատկանելության համար, սպանվածների թվում կային նաեւ կանայք:

2007 թվականի օգօստոսի 14-15-ը Հյուսիսային Իրաքի տարածքում, Մոսուլ քաղաքից 15 մղոն հեռու եզդիաբնակ երկու գյուղ հարձակման ենթարկվեցին, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 1000 եզդի, այդ թվում` կանայք ու երեխաներ: 2011 թվականի դեկտեմբերի 2-ին կրկին եզդիաբնակ շրջանները ենթարկվեցին հարձակումների` կրկին քրդերի կողմից: Այս հարձակման ընթացքում հայտնի չդարձավ մարդկային կորուստների չափը, սակայն տեղի եզդիներին եւ ասորիներին հասցվեց նյութական մեծ վնաս, քանի որ հարձակման էին ենթարկվել հիմնականում մշակութային, առեւտրային եւ բիզնես նշանակություն ունեցող օբյեկտներ:
Այսօր եւս շարունակվում են ազգությամբ եզդի ակտիվ հասարակական-քաղաքական գործիչների ձերբակալությունները, ահաբեկումները եւ սպանությունները Իրաքում:

Այսօր էլ բազմաթիվ եզդիներ դեռ վախենում են բացահայտ խոսել իրենց ազգային պատկանելության մասին:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More