English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Wednesday, April 18, 2012

Եզդիների Նոր Տարին - Չարշամա Սոր

ՀՀ Նախագահ պր. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Եզդիների Նոր տարվա կապակցությամբ



Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսելու միմյանց ուրախությունը, անկեղծ բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր ընկերներին ու բարեկամներին, Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:  Համոզված եմ, որ հայերի և եզդիների միջև առկա ջերմ հարաբերություններն այս նոր տարում ավելի են ամրանալու և խորանալու, մանավանդ որ նրանք բռնել են դարերի քննությունը: 

Հայաստանի իշխանությունները պատասխանատու են հանրապետության բոլոր քաղաքացիների առջև, բայց մենք առանձնահատուկ պատասխանատվություն ենք զգում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ուշադրություն և հոգածություն նրանց խնդիրների նկատմամբ՝ ահա մեր սկզբունքը: Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության տարի, հաջողությունների և երջանկության տարի:

-----------------------------------------------------------------------------------------------

Տարեսկզբի Չորեքշաբթին և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան օրը եզդիները՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը (60 հազար), նշում են մեծ շուքով: Ամեն տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, աշխարհի բոլոր եզդիները հավաքվում են իրենց հարազատների գերեզմաններում: Իրենց ավանդույթին հավատարիմ՝ տղամարդկանց և կանանց համար առանձին խնջույքի սեղաններ են բացում ու նշում իրենց տարեմուտի տոնը, որն այս տարի ապրիլի 18-ին էր: Նշենք, որ տոնի ժամանակ` եզդիերեն ռադիոհաղորդումների խմբագիր Հասան Թամոյանի կողմից ընթերցվեց Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահի շնորհավորական խոսքը:

Եզդիների ‘‘Նոր Տարի’’ – Չարշամա Սարսալե (բառացի նշ. Չարշամ` չորեքշաբթի, սարսալ` տարեսկիզբ): ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի, Ամո եզդիական թաղամասի գերեզմանատանը հավաքվել էին տարբեր մարզերից եկած մոտ 300-ից ավելի եզդիներ: Միջոցառմանը ներկա էին գտնվում ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական` Նարինե Գուլյանը, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ` Բաքըր Սադումյանը, Շուշանիկ Սարատիկյանը: 


«Մեր ազգային ավանդույթը դարեր շարունակ պահելով՝ այս օրը մենք հավաքվում ենք գերեզմաններում, քանի որ առաջին հերթին շնորհավորում ենք մեր հանգուցյալների տոնը, այնուհետև` կենդանիների»,- ասում է Ազիզ Թամոյանը:
Ըստ եզդիական օրացույցի՝ այս տարի նրանց մոտ 6762 թվականն է: Եզդիների կրոնական հավատալիքների համաձայն՝ Մալաքե Թաուսը համարվում է եզդիների առաջնորդ հրեշտակը, ով 40 հրեշտակների գլխավորն է: «Այսօր նրա ծննդյան օրն է, և նա այցելում է իր ժողովրդին, թեև անտեսանելի է, բայց մեր կրոնական օրենքներով մեզ հետ է»,- ասում է Թամոյանը:

60-անց Զինե Ավդալյանը նշում է, որ այս տոնին իրենք ուտում են տավարի և գառի միս, իրենց ավանդույթներից ելնելով, խոզի միս ընդհանրապես արգելվում է ուտել: «Գերեզմանում նշելուց հետո տոնը շարունակում ենք տներում»,- ասում է Զինա Ավդալյանը ու շրջվում իր սեղանին կից նստած հարևանների կողմը՝ եզդիերեն լեզվով շարունակելով զրույցը: Տոնի կարևոր ծիսակատարություններից մեկը կլոճի բաժանումն է: Այն կլոր քաղցր գաթա է, որի մեջ դնում են ուլունք և, կլոճը կտրելիս, ում ընկնում է այդ ուլունքը, համարվում է այդ տարվա հաջողակը: Եվ ահա այս տարի այն բաժին հասավ քիք-բոքսինգ մարզաձևում հանդես եկող, աշխարհի գավաթակիր Սուրիկ Հաջոյանին:

Ամբողջ աշխարհում ապրում է 3 մլն եզդի, որից միայն 1 մլն 300 հազարը` Իրաքի հյուսիսում: Նրանց դրոշը կարմիր և սպիտակ գույնի է, դրոշի վերին ձախ անկյունում պատկերված արևը, որը խորհրդանշում է նրանց` որպես արևապաշտ ժողովրդի, իսկ արևի միջի սիրամարգը Սուրբ Մալաքե Թաուս հրեշտակապետի խորհրդանշանն է:

---------------------------------------------------------------------------------

Եզդիների ազգային միության նախագահ պր. Ազիզ Թամոյանի շնորհավորական խոսքը Եզդի ժողովրդին



Սիրելի իմ ժողովուրդ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ`  Մալաքե Թաուսի - Եզդիների Նոր Տարվա կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ անցած այս մեկ տարին բավականին հաջողություններ ունեցանք` կապված ազգապահպանության հետ, ինչն ինձ համար շատ ուրախալի է: Ցանկանում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել ժողովրդիս աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության և միաբանության, իր ինքնաճանաչման գիտակցությամբ դարի ճակատին արձանագրելու, կորցրածը ետ բերելու համար: ժողովուրդ, որը տեսել է բավականին շատ դառնություններ, 72 անգամ ցեղասպանության ենթարկվելով, կարողացել է պահպանել իր բոլոր ավանդույթները: Կրկին անգամ շնորհավորելով բոլոր եզդիներին, մաղթում եմ սպասելիքների ու ցանկությունների իրականացում, հաջողություններ, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն ձեր ընտանիքներին:

Բըմբարակվա Չարսամա Սարսալե – Շնորհավոր Տարեսկզբի Չորեքշաբթի

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More