Ապրելով հայ ժողովրդի ծոցում՝ եզդի ժողովուրդը դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները։ Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն եւ անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ։ Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը։ Եզդիները միացան հայ ժողովրդի ազատագրական պայքարին ճիշտ այնպես, ինչպես 1915թ. աշխարհամարտին նրանք իրենց ճակատագիրը կապեցին հայ ժողովրդի հետ եւ չսխալվեցին։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը դարձավ հայ եւ եզդի ժողովուրդների փորձաքարը, այդպես էլ Արցախը դարձավ երկու ժողովուրդների նորօրյա բարեկամության վկայագիրը։

Ազիզ Թամոյանի, կամ, ինչպես եզդի ժողովուրդն է նրան անվանում, Ազիզե Ամարի, ժողովրդի առաջնորդի եւ զորավարի տաղանդը փայլեց հատկապես Արցախյան շարժման ընթացքում։ Նա իր խելամիտ ու հեռատես գործողություններով նոր էջ բացեց եզդի եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ՝ դառնալով այդ մեծ բարեկամության խորհրդանիշը։

Եզդի կամավորականները միաժամանակ համագործակցել են հայկական ջոկատների, մասնավորապես «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ՝ օժանդակելով զենքով եւ զինամթերքով։ Թամոյանի գլխավորած ջոկատում ընդգրկված են եղել տարբեր տարիքի մոտ 500 ազատամարտիկ եզդիներ, որոնք հայկական ջոկատների հետ միասին մասնակցել են Նոյեմբերյանի, Կրասնոսելսկի շրջանների մարտական գործողություններին։ Ակնառու է եղել նրանց ավանդը ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Մարտակերտի եւ Հադրութի շրջանների մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերում։ Ընդհանուր թշնամու դեմ պայքարում 30-ից ավելի եզդի քաջորդիներ զոհվեցին՝ հերոսացնելով իրենց եւ իրենց սնող ժողովրդին։ Նրանցից 3-ի՝ Իսմայի Շառոյանի, Թեմուր Զեյդինյանի եւ Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Եռաբլուրում՝ Արցախյան ազատամարտի հայ հերոսների կողքին։
Արցախյան ազատամարտի եզդի կամավորականների եւ նրանց առաջնորդի վաստակը չի մոռացվել ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ հայ ժողովրդի հիշողությունից։ Արցախյան ազատամարտում ունեցած մեծ ներդրման համար վերջերս մոտ 10 եզդի ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պաշտպանության նախարարության մեդալների։ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով տարբեր կարգի մեդալների են արժանացել ազատամարտիկներ Ռզա Օզմանյանը, Ռզգան Մուրադյանը, Ռուստամ Բրոյանը, Մշիր Նադոյանը, Ուսուբ Սարհանգյանը, Ռզգո Սարհանգյանը, Մաջիթ Թամոյանը, Օզման Քալոյանը եւ կին ազատամարտիկ Ասյա Խատոյանը։ Արժանին է մատուցվել նաեւ եզդի ժողովրդի հմուտ ու խոհեմ առաջնորդին ու զորավարին՝ Ազիզ Թամոյանին։ Ժողովուրդը իր աննկուն ու քաջ որդուն երկու անգամ՝ 1992 եւ 2007թթ. շնորհել է ազգային հերոսի պատվավոր կոչումը։ Բարձր է գնահատվել նրա սխրանքը նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից. նա պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։
-Այս բարձր պարգեւներն ինձ են տրված,- «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքում գրում է Ազիզ Թամոյանը,- սակայն դրանք առաջին հերթին պատկանում են մեր ամբողջ ժողովրդին՝ աշխարհի բոլոր եզդիներին։ Այս պարգեւները Արցախյան ազատամարտում մեր փոքրաթիվ ժողովրդի ունեցած ակտիվ մասնակցության գնահատումն է։ Դրանք Հայաստանի իշխանությունների եւ հայ ժողովրդի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած հարգանքի վկայությունն են, եւ դա չի կարող անարձագանք մնալ մեր ժողովրդի կողմից։ Մեր ավանդապաշտ ու ավանդապահ ժողովուրդը հայ ժողովրդին հավասար վաստակել է այս հողի վրա ապրելու եւ բարգավաճելու իրավունքը։

Ազիզ Թամոյանը ուսել է իր ժողովրդի առաջնորդը լինելու ծանր լուծն ու ի պատիվ իրեն ահա երկու տասնամյակ նվիրումով ու փառքով առաջ է տանում։ Եվ կարելի է առանց վարանելու ասել, որ նա, որպես սեփական ժողովրդի ծոցից դուրս եկած առաջնորդ, ամեն ինչ արել է՝ ճանաչել տալու համար իր փոքրաթիվ ազգն ու կարողացել է վառ պահել նրա հավատը գալիք լուսեղեն օրերի հանդեպ։
Թերեւս քչերն իմանան, որ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը եղել է եզդի ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը։ Հայտնի է, որ նա շատ մտերիմ շփումներ է ունեցել եզդի համայնքի ներկայացուցիչների հետ, հատկապես երկար զրուցել եզդի ցեղապետների հետ, ծանոթացել, գրի առել այդ ժողովրդի բանավոր ստեղծագործությունները, ժողովրդական զրույցներն ու ավանդությունները։ Աբովյանին հատկապես հետաքրքրել է հայ եւ եզդի ժողովրդի զենքի բարեկամությունը։ Ահա թե նա ինչպիսի տողեր է գրել Շեյխ Միրզայի եւ Քեշիշ Պոլոյի (քահանա Պողոս) ռազմական համագործակցության մասին. «Ինչպես պատմում է ականատեսներից մեկը, դեռեւս նորերս արիության ու քաջագործության հրաշքներ են ցույց տվել եզդի ցեղապետ Միրզա Աղան ու հայ Պողոս քահանան։ 1828թ. Ռադովան բերդի մոտերքում՝ Մոսուլից ոչ հեռու, յուրաքանչյուրն իր համայնքով մոտենում է թուրքերի ու քրդերի 30 հազար զինվորից բաղկացած բանակին եւ իրենց փոքրիկ զորամասերով գրեթե ոչնչացնում նրանց ամբողջ բանակը»: Ավելին, Խաչատուր Աբովյանը գրի է առել հայ եւ եզդի հերոսներ Պողոս քահանայի եւ Միրզա Աղայի սխրագործությունները փառաբանող երգը, որ եզդիները երգել են ու դեռ երգում են։ Ներկայացնում ենք Խաչատուր Աբովյանի գրառած երգն ամբողջությամբ։
Ռադովանում սունկ է բուսնում,
Միրզա-աղայի ձին խրխնջում է։
Քեշիշ Պոլոն գոչեց Շեխ-Ղասումին.
«Ես ոչնչացրի քո բանակը,
Գլխատեցի նիզակներով զինված երեսուն դերվիշ»:
Ռադովանի մոտով գետ է հոսում։
Շեխ-Ղասումի բանակը նրա միջով անցավ։
Քաջ Միրզա աղան եւ Քեշիշ Պոլոն
գոչեցին նրանց. «Մենք ձեզնից
նիզակահարել ենք հազար ձիավոր»:
Միրզա-աղայի ձին խրխնջում է։
Քեշիշ Պոլոն գոչեց Շեխ-Ղասումին.
«Ես ոչնչացրի քո բանակը,
Գլխատեցի նիզակներով զինված երեսուն դերվիշ»:
Ռադովանի մոտով գետ է հոսում։
Շեխ-Ղասումի բանակը նրա միջով անցավ։
Քաջ Միրզա աղան եւ Քեշիշ Պոլոն
գոչեցին նրանց. «Մենք ձեզնից
նիզակահարել ենք հազար ձիավոր»:
Ռադովանում կան խաղողի այգիներ,
Շեխ-Ղասումի բանակը ներս մտավ այնտեղ,
Քեշիշ Պոլոն գոչեց նրան.
«Ձեր գլուխները սոխի գլուխներ են մեզ համար»:
Շեխ-Ղասումի բանակը ներս մտավ այնտեղ,
Քեշիշ Պոլոն գոչեց նրան.
«Ձեր գլուխները սոխի գլուխներ են մեզ համար»:
Դոլանում թուզ է բուսնում,
Շղթայակապ է Միչոյի սուրը։
Միչոն կանչեց. «Աստված է վկա,
ի՛մ քաջեր, ի՛մ եղբայրներ։
Մեր նիզակները ջախջախվել են,
Ատրճանակների կայծքարերը կոտրատվել են,
Սրերը ձեռքներդ առե՛ք
Եվ պաշտպանեցե՛ք մեր ընտանիքի թիկունքը։
Ոտքի կանգնեցրե՛ք Միչոյին։
Գոտեպնդե՛ք նրան սրով Մսուրի,
Որպեսզի անհավատը սարսափի
Եվ մեզ չբռնի»:
Շղթայակապ է Միչոյի սուրը։
Միչոն կանչեց. «Աստված է վկա,
ի՛մ քաջեր, ի՛մ եղբայրներ։
Մեր նիզակները ջախջախվել են,
Ատրճանակների կայծքարերը կոտրատվել են,
Սրերը ձեռքներդ առե՛ք
Եվ պաշտպանեցե՛ք մեր ընտանիքի թիկունքը։
Ոտքի կանգնեցրե՛ք Միչոյին։
Գոտեպնդե՛ք նրան սրով Մսուրի,
Որպեսզի անհավատը սարսափի
Եվ մեզ չբռնի»:
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր
մայոր
0 comments:
Post a Comment